Ամբոխի հոգեբանության մասին։

Ամբոխի հոգեբանության մասին։

Ի՞նչ գիտենք մենք ամբոխի հոգեբանության և զանգվածներին կառավարելու արվեստի մասին.

Գուստավ Լը Բոնի գաղափարներից մինչև ժամանակակից գիտական ​​տվյալներ.

Մեր օրերում ամբոխի հոգեբանության մասին գիտահանրամատչելի նյութերի մեծ մասը հիմնված է 19-րդ դարի ֆրանսիացի հոգեբան և սոցիոլոգ Գուստավ Լը Բոնի աշխատությունների վրա։ Հետազոտողը լայնորեն նկարագրում էր ամբոխին որպես անմիտ, անգիտակից զանգված, որը հետևում է առաջնորդին և կուրորեն հնազանդվում նրան: Սակայն քչերը գիտեն, որ մեկուկես դարի ընթացքում մարդկանց մասին գիտելիքները շատ են փոխվել:

Picture of Le Bon

Ինչպե՞ս են փոխվել ամբոխի հոգեբանության մասին մեր պատկերացումները.

Մեր օրերում, մեծ մասամբ, ամբոխը հասկացվում է որպես մարդկանց կուտակումներ (իրական ֆիզիկական տարածքումh), որոնք ունեն ընդհանուր ուշադրության կենտրոն: Ամբոխները լինում են շատ պարզ ձևերից մինչև բավականին լավ ձևավորված կազմավորումներ: Առաջին օրինակը այն կուտակումներն են, որոնք միավորված են միայն ընդհանուր հետաքրքրություններով: Այս տեսակը ներառում է մարդկանց, ովքեր հավաքվել են ինչ-որ պայծառ, անսովոր բանի շուրջ, ինչպիսիք են` փողոցային երաժիշտները:

Նման կազմավորումները շատ անկայուն են, դրանք գոյություն ունեն այնքան ժամանակ, քանի դեռ կա հետաքրքրության կենտրոն, բայց նաև շատ հեշտությամբ կազմալուծվում են: Մարդկանցից ձևավորված խմբերն իրենց հերթին ունեն ընդհանուր նպատակ։ Օրինակ, այս տեսակին պատկանում են մարդիկ, ովքեր կամավոր դուրս են եկել ցույցի: Նման խմբերն ավելի կայուն են և ունեն այլ հոգեբանական դինամիկա:     

Ժամանակակից հոգեբանության մեջ մարդու պահվածքը ամբոխում որպես այդպիսին չի ուսումնասիրվում։ Դրա պատճառները երկուսն են: Մի կողմից բազմությունները լինում են տարբեր, և, հետևաբար, նրանց մեջ մարդկանց պահվածքը նույնպես տարբերվում է: Մյուս կողմից` գիտական հետազոտությունը պահանջում է հատուկ ընթացակարգ, որը թույլ կտա քիչ թե շատ օբյեկտիվ եզրակացություններ անել։ Ամբոխների մեծ մասում դրա կազմակերպերպումը կամ շատ դժվար է, կամ անհնար: Այդ իսկ պատճառով ներկայումս հոգեբանները ուսումնասիրում են այն պայմանները, որոնց դեպքում մարդիկ պատրաստ են մասնակցել այսպես կոչված «կոլեկտիվ գործողություններին», առավել հաճախ ՝ քաղաքական բողոքներին: Տվյալ դեպքում փողոցային ակցիաները (հանրահավաքներն ու ցույցերը) դիտարկվում են կոլեկտիվ գործողությունների այլ ձևերի հետ մեկտեղ (օրինակ՝ միջնորդությունների ստորագրման): 

Հնարավո՞ր է արդյոք կառավարել զանգվածը.

Գուստավ Լը Բոնը կարծում էր, թե ամբոխի մեջ մարդիկ ոչ ռացիոնալ են և գտնվում են ազդեցության տակ. ամբոխը բաժանված է «առաջնորդների» և «հետևորդների»։ «Առաջնորդը» սահմանում է շարժման ուղղությունը, իսկ մյուսները հետևում են դրան: Ընդ որում` «հետևորդը», որը գտնվում է ամբոխի մեջ, տեղի ունեցողն ընկալում է որոշակի ձևով: Մի կողմից նա թույլ է վերլուծում տեղեկատվությունը և շատ պարզ դատողություններ անում, մյուս կողմից` ենթարկվում է հույզերի ազդեցությանն ու կարող է հեշտությամբ փոխել իր կարծիքը: Հետևաբար «առաջնորդը» պետք է անընդհատ գրավի մարդկանց ուշադրությունը և խոսի «հետևորդների» հետ՝ օգտագործելով իրենց համար կարևոր բառեր և պարզ կարգախոսներ։

Լը Բոնը ամբոխի մասին իր աշխատությունները գրել է 19-րդ դարի վերջին: Այն ժամանակներում հոգեբանությունը` որպես գիտություն, նոր էր սկսում ձևավորվել, հոգեբանները շատ քիչ բան գիտեին այն մասին, թե ինչպես են մարդիկ մշակում տեղեկատվությունը և որոշումներ կայացնում: Լը Բոնը նկարագրում էր այն, ինչ տեսնում էր (կամ ուզում էր տեսնել) զանգվածի վարքի մեջ, բայց հետագայում հասկանալի դարձավ, որ նա շատ էր պարզեցնում կատարվածը: Սա հատկապես նկատելի է, երբ մենք խոսում ենք փողոցային զանգվածի ակցիաների մասին, որը մարդիկ իրականացնում են տնտեսական կամ քաղաքական պահանջներով, որոնք էլ ժամանակին գրավել են Լը Բոնի ուշադրությունը։

Առաջինը՝  նման բազմությունը հոգեբանորեն միատարր չէ: Մասնավորապես, ամբոխն ունի պարզ կառուցվածք ՝ «կենտրոն» և «ծայրամաս»: Մարդիկ, ովքեր գտնվում են ամբոխի «կենտրոնում», ավելի շատ են ներգրավված կատարվածի մեջ և, հետևաբար, ավելի շատ են գտնվում ազդեցության տակ, քան նրանք, ովքեր գտնվում են «ծայրամասում»: Բացի դրանից, մարդիկ հայտնվում են ամբոխի մեջ տարբեր ձևերով։ Օրինակ ՝ քաղաքական հանրահավաքի կամ համերգի ինչ-որ մեկը գնում է իր կամքով, մյուսը՝ ընկերակցության համար, իսկ ինչ-որ մեկին բերում են հարկադրաբար: Մարդիկ, ովքեր կամավոր են եկել, ավելի շատ են ենթարկվում ազդեցության, քան նրանք, ովքեր ստիպված են դա անել:

Երկրորդ` մարդը կարող է օգտագործել տեղեկատվության վերլուծության տարբեր ռազմավարություններ: Այս ռազմավարությունները կարող են լինել շարունակական։ Մի կողմից մարդիկ կարող են անել արագ դատողություններ ՝ առանց բովանդակության մասին մտածելու, հիմնվելով միայն վառ, հստակ տեսանելի նշանների վրա (օրինակ ՝ հաղորդակցվողի գրավչության): Մյուս կողմից` նրանք կարող են անցկացնել հաղորդագրությունների մանրակրկիտ վերլուծություն, համապատասխանեցնել որոշ հատվածներ մյուսների հետ և հիմնավոր դատողություններ անել: Ռազմավարության ընտրությունը մեծապես կախված է այն իրավիճակից, որում գտնվում է մարդը: Ամբոխի մեջ մարդկանց համար տեղեկատվության վերլուծությունը իսկապես ավելի դժվար է, բայց կախված կոնկրետ իրավիճակից` նրանք կարող են օգտագործել տարբեր ռազմավարություններ:

Երրորդ՝ պատահական չէ, որ մարդիկ զանգվածային ակցիաներ են իրականացնում։ Ժամանակակից հոգեբանական հետազոտություններում հանրահավաքներին և ցույցերին մասնակցելը դիտվում է որպես սեփական շահերը պաշտպանելու միջոց: Մարդիկ մասնակցում են, երբ իրենց տեսնում են որպես տուժած խմբի անդամներ, վրդովմունք են զգում իրենց հետ պատահածի վերաբերյալ և կարծում են, որ կարող են փոխել իրավիճակը դեպի լավը: Այլ կերպ ասած` ամբոխի մեջ կան մարդիկ, ովքեր արդեն ունեն որոշակի տեսակետ կատարվածի վերաբերյալ և դժվար թե փոխեն այն ազդեցության ներքո: Միևնույն ժամանակ` ազդեցությունն այն մարդկանց վրա, ովքեր եկել են հետաքրքրասիրությունից կամ արտաքին ճնշման տակ, սահմանափակվում է վերը նշված գործոններով:

Եվ չորրորդ՝ ամբոխը կարճաժամկետ երևույթ է. նրա տևողությունը մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ է (երբեմն օր), բայց ոչ ավելին: Մարդու` ամբոխը լքելու և իր սովորական առօրյային վերադսռնալու պահից դրա ազդեցությունը մնում է անցյալում: Իհարկե, մարդուն կարող են հետաքրքրել որոշ գաղափարներ, նրան կարող է թվալ, որ դրանք ունեն շատ կողմնակիցներ, սակայն ազդեցության երկար մնալու համար ժամանակակից աշխարհում մեկ ակցիային մասնակցելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև հետագա հաղորդակցություն շրջապատի մարդկանց հետ:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով