Երջանիկ մարդիկ չեն ձգտում երջանկության:

Երջանիկ մարդիկ չեն ձգտում երջանկության:

Ժամանակակից մարդը ցանկանում է երջանիկ լինել։ Երջանկությունն այնքան կարևոր է մեզ համար, որ դրան հետապնդելը մենք անվանել ենք յուրաքանչյուր մարդու անձեռնմխելի իրավունք։ Երջանկության ձգտումը, ըստ այս փաստաթղթի, նույնքան կարևոր է, որքան կյանքը և ազատությունը։ Ենթադրվում է, որ մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է երջանկության ձգտել այնքան, որքան ցանկանում է գոյություն ունենալ:

Այնուամենայնիվ, որքանո՞վ է խելամիտ երջանկության ձգտելը, պե՞տք է արդյոք փնտրել այն: Հոգեբան Դանիել Գիլբերտն իր «The How of Happiness» գրքում պնդում է, որ մենք մեր կյանքը չենք ուղղում դեպի երջանկության կողմը: Ավելի շուտ, դա պարզապես պատահում է, գալիս է մեր կյանք: Իսկ եթե մարդն ամբողջ ուժով փորձում է իրեն երջանկացնել, ամենայն հավանականությամբ նրան չի հաջողվի, քանի որ մենք շատ վատ ենք կանխատեսում մեր ապագա էմոցիաները։ Պատկերացրեք երկու սցենար. մեկում դուք վիճակախաղով շահել եք մեկ միլիոն դոլար, մյուսում պարալիզացված եք եղել Ձեր ողջ կյանքում: Ի՞նչը Ձեզ ավելի երջանիկ կդարձներ: Ինտուիտիվորեն, պատասխանն ակնհայտ է թվում, սակայն, ըստ 1978թ-ի ուսումնասիրության, վիճակախաղի հաղթողներն ու անդամալույծ մարդիկ մոտավորապես նույնչափ երջանիկ են, իսկ ամենօրյա պարզ գործունեությամբ անդամալույծ մարդիկ նույնիսկ ավելի մեծ հաճույք են ստանում, քան միլիոնատերերը:

Երջանկության մասին սխալ պատկերացումների մեկ այլ օրինակ է մեր վերաբերմունքը ծերության նկատմամբ: Ժամանակակից մատերիալիստական ​​աշխարհում ծերությունը համարվում է անկման, քայքայման և ընդհանուր դեգրադացիայի ժամանակահատված: Երիտասարդները վախով են նայում ապագային և կանխատեսում են մռայլ կյանք՝ լցված կարոտով ու կնճիռներով: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ երջանկությունն իր գագաթնակետին է հասնում 75 տարեկանում։ Իսկ 62-ից հետո, ամենայն հավանականությամբ, ավելի երջանիկ կլինեք, քան 18-ում: Ի դեպ, նույն հակումները նկատվում են նույնիսկ կապիկների մոտ:

Մինչդեռ այսօր երիտասարդներն առաջնորդվում են մշակութային սխալ նախապաշարմունքներով և փորձում են ծրագրել իրենց երջանկությունը: Նրանք վախենում են ծերությունից և շտապում են իրենց երջանիկ դարձնել (գերադասելի է մինչև 30 տարեկան)` կլանել որքան հնարավոր է շատ ապրանքներ, զգալ առավելագույն քանակությամբ զգայական հաճույքներ և իրենց կյանքը դարձնել պայծառ, որպեսզի մեծ տարիքում հիշելու բան լինի: Այնուամենայնիվ, հակառակ արդիականության մոլորություններին, երջանկության իրական ներուժը բացահայտվում է փորձով: Ծերունական իմաստությունն ու խորությունն են, որ բացում են ճանապարհը դեպի ամենաուրախ աշխարհը:

Մեր սխալները շատ բազմազան են։ Մեզանից շատերը չեն ցանկանում աշխատել՝ ակնկալելով, որ դա իրենց ավելի կերջանկացնի, բայց գործազրկությունն է դժբախտ կյանքի գլխավոր գործոնը։ Շատերը երազում են թանկարժեք իրերի մասին, սակայն, ըստ հետազոտությունների, մեզ երջանիկ են դարձնում ոչ թե իրերը, այլ փորձը, որը հաճախ ոչինչ չարժե։

Այլ կերպ ասած, երջանկություն փնտրելը ամենախելացի գաղափարը չէ․ այն հետևանք է, ոչ թե նպատակ: Հին հույները այդ ամենը շատ լավ հասկանում էին․ նրանք նույնպես հավատում էին, որ յուրաքանչյուր մարդու կյանքի իմաստը երջանկությունն է։ Սակայն նրանք չէին պատկերացնում երջանիկ կյանքն այնպես, ինչպես ժամանակակից մարդը։ Նրանց օգտագործած բառը <<Եվդեմոնիա>>-ն էր։ Դա ամենևին չի նշանակում հաճույք կամ ուրախության վիճակ, այլ, ավելի շուտ, կյանքի որոշակի ոգի: Երջանիկ նրանք անվանում էին առաքինի և իմաստալից կյանքը։ Երջանիկ լինելու համար մարդը չպետք է ձգտի երջանկության, այլ դրսևորի իմաստություն, քաջություն, արդարություն և չափավորություն, իսկ երջանկությունը կլինի ճիշտ կյանքի արդյունքը:

Մարդը, ով բարոյական կատարելության փոխարեն ճանկում է ամեն զգայական հաճույք՝ երջանիկ դառնալու ակնկալիքով, ով իր թերությունների վրա աշխատելու փոխարեն տրվում է զվարճանքին և ապրում պարզունակ հեդոնիզմի սկզբունքով՝ խուսափելով ցավից և ձգտելով ուրախության, ոչ միայն կմնա դժգոհ, այլև չի կարողանա իրացնել իր ներուժը: Երջանկության ձգտելով՝ հենց դա էլ բաց է թողնում։

Փիլիսոփայության մեջ սա կոչվում է «հեդոնիզմի պարադոքս»: Ահա թե ինչ է այդ մասին գրում Վիկտոր Ֆրանկլն իր «Մարդու իմաստի որոնումները» գրքում. «Երջանկությունը նման է թիթեռի` որքան շատ ես բռնում, այնքան ավելի է պլստում: Բայց եթե ուշադրությունդ կենտրոնացնես այլ բաների վրա, այն կգա ու հանգիստ կնստի քո ուսերին։ Սա չի կարող հետապնդվել: Այն պետք է լինի հետևանք»:

Ժամանակակից գիտությունը նույնպես հաստատում է դա. 2017 թ. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ամեն ինչում հետապնդում են սեփական շահերը` ակնհայտորեն երջանիկ կյանք ակնկալելով, ավելի քիչ են երջանիկ, քան մյուսները։ Եթե ​​դուք գործում եք` ելնելով ավելի բարձր արժեքներից, օրինակ՝ առատաձեռնորեն նվիրաբերելով ձեր ռեսուրսները պարզապես այն պատճառով, որ կարծում եք` այդպես ճիշտ է, շատ ավելի երջանիկ կլինեք, քան սովորական մարդը:

Այսինքն՝ հույները ճիշտ էին. բարձրագույն երջանկությունը կամ «Էվդեմոնիա»-ն առաքինի կյանքի արդյունք է՝ ուղղված դեպի բարձր նպատակ, օրինակ՝ դեպի արդարություն, իմաստություն կամ բարություն: Պլատոնը մարդուն պատկերում է որպես կառք, որը քաշում են երկու ձիեր։ Մուգ ձին ներկայացնում է հաճույք ստանալու ֆիզիկական ցանկությունը, սպիտակը՝ առաքինությունները: Երկուսն էլ անհրաժեշտ են կառքի շարժման համար։ Իսկ կառքն ինքնին միտքն է, որն ուղղորդում է նրանց շարժումը դեպի բարությունը։

Հենց բարությունն է, կամ ինչ-որ գերխնդիրը, որը գերազանցում է մեր բնույթը, բայց ո՛չ անձնական երջանկությունը. այն չի կարող լիարժեք մարդու կյանքի նպատակի պահանջ ներկայացնել։ Այսպիսով, ամբողջական է այն մարդը, ով, բացի հիմնական կենդանական ցանկություններից, ձգվում է դեպի մի բան, ինչը գերազանցում է իր բնույթը:

Կամ ինչպես գրում է Նիցշեն` «Նա, ով ցանկանում է միայն երջանկություն, դեռ չի բարձրացրել աչքերը կենդանու հորիզոնից վեր, քանի որ այն, ինչ կենդանին փնտրում է կույր մղումով, մարդը ցանկանում է ավելի գիտակցաբար»:

Ըստ Նիցշեի՝ նրանք, ովքեր դադարում են երջանկություն փնտրել, մեծագույն մարդիկ են, քանի որ միայն նրանք են անկախ ամեն ինչից ընդունակ պահելու վերացական արժեքները, ինչպիսիք են ազատությունը,գիտելիքին հետամուտ լինելը և կատարելության ձգտելը։

Ալան Բադյուն այս ցուցակը լրացնում է իրական սիրո ընդունակությամբ: «Սիրո փառքի համար» իր գրքում նա գրում է, որ երջանկության ժամանակակից մոլուցքը  հաճույքի համար ստեղծել է սիրո մշակույթ: Այսօր գերիշխում է այն միտքը, որ սերը հաճելի զգացումների ամենալայն շրջանակ ստանալու հերթական տարբերակն է։ Նման սիրո խնդիրն է խուսափել ցանկացած լուրջ մարտահրավերից, այլության խոր զգացումներից, ցանկացած դժվարությունից, որոնցից հյուսված է իսկական սերը: Այսպիսով, ժամանակակից մարդը, ծրագրելով սեփական երջանկությունը, ընտրում է մարդկանց, ովքեր հաճելի են, հարմարավետ, բայց սահմանափակում են փորձի խորությունը։

Բազմաթիվ ուսումնասիրություններից մենք գիտենք, որ անձնական աճն անհնար է` առանց էմոցիաների` ամբողջ տիրույթի զգալու՝ սարսափից մինչև երանություն, հուսահատությունից մինչև ուրախություն: Այս սպեկտրը կիսով չափ կտրելով՝ մարդը ոչ միայն իրեն զրկում է զարգացումից, այլև սահմանափակում է այն, ինչն այդքան կրքոտ ցանկանում է՝ լավ կյանքի զգացողությունը։

Եվ իրոք, ձգտելով հաճելի զգացումների` մենք դադարում ենք նույնիսկ մտածել: Ինքնուրույն մտածելը միշտ մի փոքր անհարմար է, այն մեզ դուրս է բերում «ըմբռնման» մեջ մեղմ մնալուց և ստիպում է հակասության մեջ մտնել մեզ շրջապատող աշխարհի օբյեկտների հետ` իմաստավորել դրանք: 2012 թ. ուսումնասիրությունից մենք գիտենք, որ նրանք, ովքեր ձգտում են երջանկության, ավելի քիչ խորը մտածողության աշխատանք են կատարում: Սա զարմանալի չէ, քանի որ մտածելը ցավալի է, ինչպես նաև ազատությունը պաշտպանելը,խորը հարաբերություններ կառուցելը և կյանքի իմաստը փնտրելը:

Որպեսզի մենք այս բաներում գիտակցենք երջանկությունը, որպեսզի անցնենք աշխարհի պարտադրված սպառողական պատկերը և մոտենանք գերկենդանական արժեքների ավելի գիտակից կյանքին, մենք կօգտագործենք ՄԷն Ցզիի գաղափարները: Նա առանձնացրեց մարդկային «Ես»-ի երկու ձև՝ ավելի փոքր «Ես» և ավելի մեծ «Ես»։ Փոքր «Ես»-ը երջանկություն է փնտրում կենսաբանական կարիքների բավարարման միջոցով, ինչպիսիք են սնունդը, հանգստությունը, սեքսը և հարմարավետությունը, մինչդեռ մեծ «Ես»-ը փնտրում է երջանկության ավելի խորը ձև՝ ավելի բարձր նպատակի իրականացման միջոցով:

Փոքր «Ես»-ը գոյություն ունի միայն մեծ «Ես»-ին ապահովելու համար։ Այո, թուլացումն ինքնին հաճելի է, բայց իսկապես հաճելի է միայն ավելի բարձր նպատակին հասնելու համար ծանր աշխատանքային օրվանից հետո: Թուլացումը չպետք է ինքնանպատակ դառնա, դա աշխատանքի տրամաբանական հետևանք է։ Նույնն է նաև սննդի դեպքում. որքան էլ այն լինի համեղ, առաջին հերթին ըմբռնվում է որպես ավելի խորը նպատակներին մոտենալու գործիք. այն կերակրում է մարմինը և թույլ է տալիս ավելի մեծ «Ես»-ին մոտենալ կյանքի բարձրագույն ոլորտներին, ինչպիսիք են արվեստը, ճշմարտությունը, արդարությունը, բարությունը և էվդեմոնիան:

Ըստ Մէն Ցզիի՝ յուրաքանչյուր մարդ պետք է ակտիվորեն մշակի իր մեծ «Ես»-ը։ Այն ինքնուրույն ի հայտ չի գալիս, պետք է խորը մտավոր ու բարոյական աշխատանք տանենք նրա կյանքը բացահայտելու ու պահպանելու համար։ Մենք պետք է հասկանանք, թե ինչն ենք իսկապես գնահատում, ինչն է մեզ մղում, ինչպիսին է կատարելությունը և ինչպես կարող ենք գործել` դրան հասնելու համար:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով