Ինչպես ենք մենք ստեղծում աշխարհը։ Ցածր ակնկալիքների բռնապետությունը։

Ինչպես ենք մենք ստեղծում աշխարհը։ Ցածր ակնկալիքների բռնապետությունը։

Պատկերացրեք, որ Դուք մաթեմատիկայի ուսուցիչ եք, ով դասավանդում է երեխաներին ու նախապատրաստում նրանց օլիմպիադայի: Մի օր Ձեզ մոտ են գալիս մի խումբ հետազոտողներ և պարզում, որ որոշ աշակերտներ ավելի բարձր IQ ունեն, քան մյուսները: Կան նաև աշակերտներ, ովքեր ունեն շատ ցածր IQ, իսկ մնացած բոլորը միջակ են: Ձեզ ցուցակ են տալիս, և Դուք շարունակում եք աշխատել, բայց, չնայած տարբերություններին, բոլորին հավասարաչափ ուշադրություն եք հատկացնում։ Մի քանի տարի անց գիտնականները վերադառնում են և արձանագրում արդյունքները։ Ինչպես և սպասվում էր, բարձր մտավոր ունակություններ ունեցող աշակերտներն ավելի լավ են հանդես եկել. կատարյալ հաճախելիություն, պարկեշտ գնահատականներ և լավ արդյունքներ օլիմպիադաներում: Դե, ի՞նչ կարող ենք անել. գենետիկա: Բայց հետո գիտնականները Ձեզ ասում են, որ իրենք ի սկզբանե փոխել են թեստի արդյունքները. այսպես կոչված շնորհալի աշակերտներն իրականում սովորական երեխաներ են։ Բոլոր տարբերությունները միայն ուսուցչի գլխում էին: Ուսուցիչը, հավատալով սովորողներից մեկի շնորհալիությանը, ավելի մեծ ուշադրություն է դարձնում աշակերտին, ըմբռնումով է վերաբերվում նրա սխալներին, ավելի բարդ առաջադրանքներ է տալիս և այլն, ու արդյունքում ուսուցչի ակնկալիքներն իրականություն են դառնում։

Սա հորինված պատմություն չէր, այլ իրական գիտական ​​ուսումնասիրություն, որ 60-ականներին անցկացրել է Ռոբերտ Ռոզենթալը։

Մինչ երեխաների վրա փորձեր կատարելը, նա հետազոտություն է անցկացրել առնետների վրա։

Մի անգամ օրինակ նա ասաց բժիշկ ուսանողներին, ովքեր վարժեցնում էին առնետներին, որ կրծողների մի խմբում հատուկ, խելացի կենդանիներ են, այսպես կոչված «լաբիրինթոսի հանճարներ», իսկ մյուս խմբում «լաբիրինթոսի գորշերն» են։ Իհարկե, դրանք բացարձակապես նույն առնետներ էին, սակայն փորձի վերջում պարզվեց, որ առնետների առաջին խումբը սովորել է գրեթե երկու անգամ ավելի արագ։ Ուսանողներն ասացին, որ «լաբիրինթոսի հանճարների» հետ ավելի հեշտ է աշխատել, և որ այդ առնետներն ավելի զգայուն ու հաճելի են: 

Բայց Ռոզենտալի էֆեկտը ամենաուժեղը դրսևորվում է բանակում, որտեղ առաջնորդները շատ մեծ ուժ ունեն: Եթե ​​բարձր կոչում ունեցողը վստահ է, որ որոշ նորակոչիկներ ավելի լավն են, քան մյուսները, ապա ընդամենը երեք ամսից նրանք 15%-ով ավելի արդյունավետ կլինեն, քան մնացածը:

Այլ կերպ ասած` կառավարիչները և հեղինակությունները մեծապես ազդում են նրա վրա, թե ինչպես կզարգանան իրենց շրջապատող էակները: Գիտակցված, թե ոչ, նրանք ստեղծում են այն փոփոխությունները, որոնք իրենք են ակնկալում: Առաջնորդները ձևավորում են իրականությունը։ Միակ բանն այն է, որ մենք բոլորս ինչ-որ առումով առաջնորդ ենք։ Մեզանից յուրաքանչյուրը հեղինակություն է: Չկա մարդ, ում կարծիքը նշանակություն չունենա։

Օրինակ դասախոսությունների նկատմամբ հետաքրքրությունը ծնում է հետաքրքիր դասախոսություններ: Հարցեր տալով և ուշադրություն դարձնելով՝ Դուք ուսուցչին ներշնչում եք նյութի հետաքրքիր լինելու միտքը։ Դա նրան դարձնում է ավելի նրբազգաց դաստիարակ ու ոգևորված պատմող: Այսպիսով, ո՞վ է առաջատարը այս գործընթացում` աշակե՞րտը, թե՞ ուսուցիչը։ Երկուսն էլ։ Մենք փոխադարձաբար իրականություն ենք ստեղծում միմյանց համար։

Առաջնորդի նկատմամբ լիակատար վստահությունը առաջացնում է կառավարման ավելի ուշադիր մոտեցում: Աշակերտի նկատմամբ հետաքրքրությունը ստեղծում է նրա տաղանդը, իսկ ինչ-որ մեկի հաջողության նկատմամբ վստահությունը նրան հաջողակ է դարձնում:

Թվում է, թե սա նոր գաղափար չէ, սակայն Ռոզենտալի էֆեկտը դրան բոլորովին այլ իմաստ է տալիս։ Վստահեք մարդկանց, նույնիսկ եթե նրանք չեն վստահում իրենց, և մի օր դուք կհայտնվեք հաջողակ ու տաղանդավոր մարդկանց շրջապատում։

Խնդիրն այն է, որ մենք բնավորությամբ ծայրահեղ կողմնակալ ենք։ Շատ դժվար է հավատալ մեկին, ով նոր է սկսում իր ճանապարհը: Ինչպե՞ս կարող եք պատկերացնել, որ այս ապաշնորհ տղան, ով հազիվ է շարժում վրձինը, մի օր «Մոնա Լիզա» կնկարի: Ամենայն հավանականությամբ Դուք ինքներդ Ձեզ հակառակը կհամոզեք։ Եվ, ամենակարևորը, Դուք նրան համոզում եք դրանում։ Բայց եթե Դուք դուրս գաք Ձեր կողմնակալությունից և ներդրումներ կատարեք Ձեզ շրջապատող մարդկանց վրա չնայած հիասթափության վախին, ապա կարող եք հնարավորություն տալ նոր «Դա Վինչիին»: Յուրաքանչյուր հանճարի հետևում կա ուսուցիչ, ով հավատում է նրան, կամ էլ` ուսանող:

Ռոբերտ Թաուբերը իր «Ինքնաիրագործվող մարգարեություն» գրքում առաջարկում է ամեն օր մարզել ենթադրությունները Ձեր շրջապատի մարդկանց մասին: Պետք է զարգացնել մաքուր հայացք ունենալու հմտությունը։ Երբ Դուք հանդիպում եք նոր մարդու, պետք է գիտակցաբար ջանքեր գործադրեք՝ ինքներդ Ձեզ համոզելով, որ նրա մասին ոչինչ չգիտեք: Կարևոր չէ, թե ինչպես է նա հագնվում, ինչ են մտածում նրա մասին մյուսները, ինչ հաջողություններ ունի, կամ ինչ եք մտածում նրա մասին հենց Դուք: Դա դատարկ թերթիկ է: Պատկերացրեք, որ դուք շփվում եք ողջամիտ, բարի, մաքուր մարդու հետ, և գուցե նա իսկապես այդպիսին դուրս գա։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով