Ինչպե՞ս ճիշտ մտածել։

Ինչպե՞ս ճիշտ մտածել։

Ինչպե՞ս է մարդը մտածում: Ի՞նչ կոնկրետ գործողություններ է նա կատարում:

Տրամաբանական է ենթադրել, որ մտածելը, ինչպես ցանկացած այլ գործընթաց, պահանջում է ժամանակ և ուշադրություն։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնության օրակարգում չկա «մտածել» տողը: Չգիտես ինչու` շատերը ենթադրում են, որ խորը, իմաստալից մտածողությունը տեղի է ունենում ավտոմատ կերպով, ինքնին՝ ընթրիքի, YouTube դիտելու և ընկերների հետ զրուցելու միջև:

Իրականում դա այդպես չէ. ինչ-որ բանի մասին մանրամասն մտածելու համար մեր ուղեղին ժամանակ և հանգստություն է հարկավոր: Մենք պետք է մեկուսանանք և թույլ տանք, որ մեր գլուխը մարսի ավելի վաղ ստացված տեղեկատվությունը։ Մեր նախնիներն այդ արել են օրգանապես, օրինակ` որսի ժամանակ կարող էին ժամերով սպասել զոհին. նրանց ձեռքում սմարթֆոն չկար, շուրջը բնության լռությունն ու անդորրն էր: Նման պայմաններում որսորդները խորասուզվում էին իրենց մտքերի մեջ։ Նույնը տեղի է ունեցել խոտ հնձելու, լվացք անելու, ձկնորսության և վառելափայտ կտրելու ժամանակ։ 

Մեր օրգանիզմը ադապտացված է ժամանակի մեծ մասը մտածելու հարցում։ Այնուամենայնիվ, ժամանակակից մարդը ժամանակի մեծ մասը սպառում է: Օրինակ` այսօր դեռահասները օրական 9 ժամ են ծախսում էկրանի միջոցով տեղեկատվություն կլանելու վրա, ընդ որում` այն չի ներառում դպրոցն ու տնային աշխատանքը: Մեծահասակների մոտ տվյալ ցուցանիշն ավելի բարձր է՝ 10 ժամ։

Այսպիսով` ժամանակակից մարդը շատ հազվադեպ է հայտնվում ինքն իր հետ։ Այսինքն՝ չի մտածում։ Նա իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է իր սմարթֆոնին և միևնույն ժամանակ անկեղծորեն հավատում է, որ ինչ-որ բանի մասին ինքնուրույն էր մտածում։ Ոչ, նման պայմաններում անհնար է ինքնուրույն մտածել։ Ավելին` ժամանակակից մարդն այնքան չի սիրում մտածել, որ փոխարենը կնախընտրեր ֆիզիկական ցավը։ Հետազոտության ընթացքում մարդիկ ընտրություն են կատարել՝ իրենք իրենց հետ մնալ լռության մեջ 10 րոպե կամ հեռանալ և հոսանքահարվել: Շատերն ընտրել են երկրորդ տարբերակը։ Ինչո՞ւ. նրանք ձանձրանում են: Սակայն, ըստ հետազոտությունների, ձանձրույթի զգացումը հենց կրեատիվության և հետաքրքիր գաղափարների գլխավոր ազդարարն է։

Ջեյմս Դանկերտն իր «Իմ գանգից դուրս. ձանձրույթի հոգեբանություն» գրքում բացատրում է, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ ձանձրույթը տհաճ, ցավոտ զգացողություն է։ Մենք անհարմարություն ենք զգում ու փորձում ենք մեզ ինչ-որ բանով զբաղեցնել՝ դրանից ազատվելու համար։ Օրինակ` մենք սկսում ենք մտածել. «ո՞րն է իմ տեղն աշխարհում, ինչպե՞ս է աշխատում այս բանը և ինչպե՞ս բարելավել իմ կյանքը»: Նման բան տեղի է ունենում, երբ մենք երազում ենք: Մեր գիտակցությունը լողում է դեպի աշխարհի խորը, թաքնված անկյունները՝ դրանցից հանելով ստեղծագործական պատկերներն ու բարելավելով մեր մտածողությունը:

Հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչը կարող է օգնել մեզ այս հարցում.

Առաջին. փորձեք բարձրաձայն խոսել ինքներդ ձեզ հետ:

e505ccb5e2fbc6f2a1888fe419cd05d2 1

Մանկության տարիներին մեզ հասկանալու համար մենք հաճախ խոսում էինք ինքներս մեզ հետ, և դա արագացնում էր մեր զարգացումը, բարելավում էր ստեղծագործական ունակությունները և թույլ էր տալիս ավելի լավ հասկանալ մեր զգացմունքներն ու մեզ շրջապատող աշխարհը։ Ժամանակի ընթացքում սոցիալական նորմերի ճնշման տակ մենք դադարում ենք բարձրաձայն խոսել ու սկսում ենք մտածել մեր մեջ: Այնուամենայնիվ, ինքներդ Ձեզ հետ շփվելու օգուտը չի անհետանում:

Ուշադրություն դարձրեք ինտելեկտուալ գործով զբաղվելու ընթացքում ակամա ինչ-որ բան ասելուն։ Կարող եք նույնիսկ չխոսել, ուղղակի լուռ շարժել շուրթերը: Դուք արտասանում եք բառերի ու նախադասությունների կտորներ, որոնք իմաստազուրկ են արտաքին դիտորդի համար, բայց դա անում եք ինչ-որ պատճառով. սա Ձեզ օգնելու միջոց է:

Մենք հետազոտություններից գիտենք, որ այն մեզ թույլ է տալիս ավելի լավ մտածել: Ահա մի օրինակ. 2011թ. Այստեղ գիտնականները հանձնարարեցին մարդկանց նկարում կոնկրետ առարկաներ փնտրել: Առաջին խումբը պարզապես փնտրում էր առարկաները, իսկ երկրորդ խումբը բարձրաձայնում էր, թե ինչ է փնտրում։ Ասենք` «ընձուղտ, ընձուղտ, ընձուղտ»։ Եվ հենց երկրորդ խումբն էր, որ շատ ավելի արագ գտավ ցանկալի առարկան՝ միաժամանակ ավելի քիչ սխալներ թույլ տալով։

Բարձրաձայնելով ինչ-որ բան՝ մենք ստիպում ենք մեր ուղեղին կենտրոնանալ դրա վրա։ Մենք, կարծես, դանդաղեցնում ենք մտքի քաոսային գործընթացը. մտքերը դադարում են լողալ անորոշ գաղափարների անվերջանալի քաոսային հոսքի մեջ և կենտրոնանում են հենց նոր ասվածի վրա: 

Չարլզ Ֆերնիհոուն իր «Ձայներ ներսում» գրքում ցույց է տվել, որ ներքին խոսքը մեծահասակների մոտ բարելավում է մի շարք ճանաչողական գործառույթներ, օրինակ՝ ավելի արդյունավետ լինել խնդիրների լուծման հարցում, դառնալ ավելի ստեղծագործ և ուժեղացնել աշխատանքային հիշողությունը:

Իրականում, պետք չէ անընդհատ բարձրաձայն խոսել, բայց եթե կա ինչ-որ կարևոր գաղափար, ու դուք ցանկանում եք այն ավելի խորը հասկանալ և ուսումնասիրել, ապա շփվեք ինքներդ ձեզ հետ կամ գոնե ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան շշնջացեք: Դուք խելագար չեք, պարզապես օպտիմալացնում եք Ձեր մտածողությունը։

Երկրորդ. սկսեք քայլել:

cd68f82c309c7924ef9975f167fa1ca3

Բազմաթիվ հետազոտություններից հայտնի է, որ շարժումը բարելավում է մի շարք ճանաչողական գործառույթներ. մենք ավելի արագ ենք սովորում, ավելի լավ ռեակցիա ենք ունենում, ավելի լավ ենք խոսում, ավելի լավ ենք մտածում ու ավելի արագ ենք գտնում հետաքրքիր գաղափարներ։

Բանն այն է, որ քայլելիս սիրտը սկսում է ակտիվ աշխատել ու արյունով սնուցել օրգանները, այդ թվում՝ ուղեղը։ Հետևաբար` մենք տեսնում ենք, որ մարզվելուց հետո մարդիկ համեմատաբար լավ են հանդես գալիս հիշողության և ուշադրության թեստերում ու նրանց ստեղծագործական ունակությունները մեծապես աճում են:

Իրականում, քայլելը մտածողության համար իդեալական պայմաններ է ստեղծում։ Ձեր ուղեղը շատ ակտիվ է, բայց, քանի որ Դուք ոչինչ չեք անում, պարզապես միապաղաղ շարժվում եք, Ձեր գիտակցությունը կառչելու տեղ չի գտնում ու խորասուզվում է ինքն իր մեջ։ Եվ հենց այս վիճակն է, որ գիտնականները իդեալական են համարում նորարարության համար։ 

Եվ, իհարկե, նորարարությամբ հայտնի մարդիկ զբոսնում էին ու խորհուրդ տալիս ուրիշներին. Պլատոնը, Արիստոտելը, Բեթհովենը, Էյնշտեյնը, Դարվինը, Նիցշեն, Կանտը, Չարլզ Դիքենսը, Գյոթեն, Սթիվ Ջոբսը և այլք սիստեմատիկ կերպով երկար քայլում էին ու դա համարում էին  իրենց ստեղծագործական զինանոցի ամենակարևոր գործիքը:

Կարևոր է նաև, թե որտեղ եք քայլում: Մարկ Բերմանի վերջերս կատարած ուսումնասիրության մեջ մի խումբ ուսանողներ, ովքեր քայլում էին այգում, տարբեր թեստերի ժամանակ ավելի լավ արդյունք տվեցին, քան քաղաքում զբոսնողները: Ամենայն հավանականությամբ դա պայմամավերված էր նրանով, որ քաղաքում կան բազմաթիվ խթաններ, որոնք կարող են շեղել. մարդիկ, մեքենաները, ցուցանակներն ու վառ լույսերը խանգարում են Ձեզ, որ լիովին սուզվեք Ձեր ներաշխարհում, իսկ այգում միջավայրն ավելի քիչ լուսավոր է։

Երրորդ. սկսեք մտածել քնելուց առաջ:

image processing20210503 13378 plebat

Շատերը գիտեն, որ եթե քնելուց առաջ ինչ-որ բան ուսումնասիրես, ավելի լավ կհիշես։ Իհարկե, սա միայն հին իմաստություն չէ, գիտական ​​հետազոտությունները նույնպես հաստատում են այն։

Այնուամենայնիվ, շատ ավելի քիչ է խոսվում նրա մասին, որ միայն հիշողության բարելավվելով չի սահմանափակվում ամեն ինչ։ Մեկ այլ հին ասացվածք՝ «առավոտն ավելի իմաստուն է, քան երեկոն», ըստ երևույթին, նույնպես ունի շատ ծանրակշիռ հիմքեր։ Պարզվում է՝ «խնդրի հետ քնելը» այնքան էլ վատ գաղափար չէ։ Վերջին գիտական ​​տվյալներից մենք գիտենք, որ եթե քնելուց առաջ մտածենք խնդրի մասին, ապա առավոտյան 55%-ով ավելի հեշտ կլուծենք այն:

Շատ գիտնականներ կարծում են, որ քնի ժամանակ մենք վերապրում ենք փորձը և այն կապում ամենակարևոր մտքերի հետ․ մեր ուղեղում նոր կապեր են հայտնվում, իսկ առավոտյան հայտնաբերում ենք, որ ինչ-որ գաղափար ունենք։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, որ սուբյեկտները ավելի լավ են պատասխանում այն ​​հարցերին, որոնցով իրենք իրենց տարակուսում էին քնելուց առաջ։

Չորրորդ․ մտածեք այն մասին, թե ինչպես եք մտածում:

dad939e9040be33a194309545f5ec0e2

Ոչ մի վատ բան չկա ամեն ինչի և ոչ մի բանի մասին միաժամանակ մտածելու մեջ, սակայն, եթե ունեք կոնկրետ խնդիր, որը պետք է լուծվի, հարց, որին պետք է պատասխանել, կամ գաղափար, որը պետք է իրագործվի, սկսեք օգտագործել մետաճանաչումը: Այս մեթոդը շատ բարձր արդյունավետություն է ցույց տալիս հետազոտություններում։

2015 թվականի գիտական ​​աշխատանքում ուսանողները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբին ուղղակի հիշեցրել են գալիք քննության մասին, իսկ երկրորդ խմբին խնդրել են պատասխանել երկու հարցի․ «ի՞նչ գնահատական ​​եք ուզում ստանալ», և «ի՞նչ է պետք բարելավել այս գնահատականը ստանալու համար»: Արդյունքում երկրորդ խմբի ուսանողները թեստում զգալիորեն ավելի լավ են հանդես եկել:

Հարցն այն է, որ մենք այնքան էլ ռացիոնալ չենք, որքան կարծում ենք: Իրականում մենք չգիտենք, թե ինչ չգիտենք: Որպեսզի հասկանանք, թե որտեղ են հասնում մեր հասկացողության սահմանները, կամ պետք է մեզ մատնանշեն ուրիշները, կամ մենք պետք է անկեղծորեն պատասխանենք ինքներս մեզ, թե որտեղ են մեր բացերը:

Մետաճանաչումը հենց ինքնավերլուծությունն է: Մտածել մտածելու մասին։ Մենք ինքներս մեզ հարցնում ենք. «ի՞նչ պետք է անեմ այս խնդիրը լուծելու համար, ի՞նչ չգիտեմ, ի՞նչն ինձ համար պարզ չէ, կարո՞ղ եմ բացատրել իմ գաղափարները, խելացի մարդկանցից խորհուրդ հարցնե՞մ, ո՞րն է այն հարցը, որը ես փորձում եմ լուծել, ինչպե՞ս կարող եմ ավելի լավ մտածել…»։ Այսինքն՝ մենք ուսումնասիրում ենք մեր հասկացողությունը, և, իհարկե, բազմաթիվ գիտական ​​աշխատանքներ ցույց են տալիս այս մոտեցման բարձր արդյունավետությունը։

Այսպիսով` ճիշտ մտածելու համար հարկավոր է ժամանակ հատկացնել մտածելու համար: Իդեալական ժամանակը երեկոյան է` քնելուց առաջ, իդեալական միջավայրը զբոսանքն է այգում, որտեղ ոչ ոք քեզ չի նայի, եթե դու քթիդ տակ մրմնջաս: Եվ, իհարկե, ժամանակ առ ժամանակ պետք է ինքներդ Ձեզ հարցնեք, թե ինչպես կարող եք ավելի լավ մտածել:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով