Ինքնաճանաչման գիտություն. ինչու և ինչպես պահել օրագիր:

Ինքնաճանաչման գիտություն. ինչու և ինչպես պահել օրագիր:
Processed with VSCO with preset

Եկեք պատկերացնենք գիտնական Մարիային. նա իր ողջ կյանքն անցկացրել է սև-սպիտակ լաբորատորիայում՝ ուսումնասիրելով կարմիր գույնի նեյրոֆիզիոլոգիան։ Այժմ նա այնքան լավ գիտի այս գույնը, որ բառացիորեն անգիր հիշում է դրա հետ կապված բոլոր ինֆորմացիան։ Նա գիտի բոլոր գույների ալիքի երկարությունները, գիտի կարմիր գույնի հոգեբանությունը, գիտի, թե որ նեյրոններն են ազդանշան փոխանցում, ինչ է կատարվում այդ պահին հենց ուղեղում և ընդհանրապես ինչ հորմոնալ, էլեկտրական, մեխանիկական փոփոխություններ են առաջանում մարմնում և շրջակա աշխարհում կարմիր գույնն ընկալելիս: Ընդհանուր առմամբ, նա հիշում է ամեն ինչ կարմիր գույնի մասին։

Բայց ի՞նչ կլինի, երբ Մարիան իրականում տեսնի կարմիր գույնը։ Նա նոր բան կսովորի՞, որևէ հատուկ գիտելիք կհայտնվի՞, կլինի՞ ինչ-որ բացառիկ բան այս փորձառության մեջ:

Այս մտածողական էքսպերիմենտը փիլիսոփայության մեջ կոչվում է «Մարիայի սենյակ», որի մասին կգրենք հոդվածներում ավելի ուշ: Այս հոդվածում այս հարցը շրջենք` իսկ եթե Մարիան ողջ կյանքում տեսներ կարմիր գույնը և հանկարծ սկսեր գրել ու համակարգել այդ մասին իր դիտարկումները, արդյո՞ք նա ավելի լավ կհասկանար այն, որևէ լրացուցիչ բան կսովորե՞ր, կարմիր գույնի նրա փորձառությունը հատուկ ուշադրությամբ կլրացվե՞ր:

Օրինակ հետազոտող Գայ Դոյչերը` «Through the Language Glass. Why the World Looks Different in Other Languages» գրքի հեղինակը, զարմանալի փորձ է անցկացրել. նա մեծացրել է իր դստերը` փորձելով երբեք չկենտրոնանալ երկնքի գույնի վրա, հետո մի օր դստերը հարցրել է, թե ինչ գույն է տեսնում երկինքը: Ալման՝ հետազոտողի դուստրը, չգիտեր պատասխանը։ Նրա համար երկինքը անգույն էր։ Ի վերջո, նա կարողացավ յուրացնել կապույտ գույնը, բայց դա որոշակի ջանք պահանջեց:

Հին հույները նույնպես կապույտ գույն չեն ունեցել: Հոմերոսը ծովը համարում էր մուգ գինու գույն: Նրա ստեղծագործություններում մի քանի հարյուր անգամ հիշատակվում են այլ գույներ, բայց կապույտը երբեք, այն պարզապես չէր հորինվել: Արդյո՞ք հույները ծովն այլ կերպ էին տեսնում, քան մենք:

Գիտնական Ջուլս Դավիդոֆը որոշել է պարզել` այցելելով Հիմբա ցեղին։ Այս բնիկները նույն բառն ունեն կապույտի և կանաչի համար: Էքսպերիմենտի էությունն այն էր, որ բնիկները պետք է ընտրություն կատարեին, թե խորանարդներից որն է տարբերվում մնացածից: Պատասխանն ակնհայտ էր, բայց Հիմբա ցեղի բնակիչները դա շատ ավելի դանդաղ էին որոշում։ Նրանց պետք էր շատ ավելի երկար նայել ու մտածել՝ յուրաքանչյուր խորանարդը համեմատելով մյուսի հետ։ Ինչո՞ւ, որովհետև կապույտը կանաչից տարբերելու հատուկ բառ չունեին։

Այս փորձը բազմիցս կրկնել են, այդ թվում նաև այլ ժողովուրդների հետ: Եվ պարզվում է, որ այն ժողովուդրները, որոնք իրենց լեզվում ավելի շատ գունային կատեգորիաներ ունեն, ավելի լավ են տարբերում գույների երանգները, քան մնացածը:

Իրականում լեզուն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մենք տեսնում գույները, հասկանում տարածությունը և նույնիսկ այն, թե ինչպես ենք մենք դասակարգում օբյեկտները: Հետևաբար, թեթև չափազանցնելով կարելի է ասել, որ աշխարհի նկարագրությունը գրեթե նույնքան կարևոր է, որքան ինքը աշխարհը:

Որոշ դեպքերում, չնայած այն հանգամանքին, որ մենք անընդհատ փոխներգործում ենք ինչ-որ բանի հետ, այն մեզ համար բոլորովին անհասանելի է։ Օրինակ՝ մեր սեփական փորձը։ Ինչպես պիգմեյները (բնիկներ), որոնք երկնքի ու խոտւ գույները չեն տարբերում, այնպես էլ մենք չգիտենք, թե ինչպես տարբերել զայրույթը ուրիշների հանդեպ և զայրույթը մեր հանդեպ: Մենք չենք հասկանում, թե ինչ է թաքնված մեր սեփական արարքների հետևում, ինչ զգացմունքներ ենք ապրում, որտեղ ենք սխալվում, ինչն է դարձնում մեր կյանքն ավելի լավը, և նույնիսկ չենք փորձում հաշվի առնել մեր սեփական տրամադրության երանգները:

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ, ուստի օրագրում գոնե ինչ-որ բան գրեք: Դուք կարող եք տեսնել ինքներդ Ձեզ միայն այն դեպքում, երբ նկարագրեք Ձեզ: Եվ դա հաստատում է գիտությունը: Նկարագրելով իր սեփական վերապրումները և իրադարձությունները՝ մարդն իր մասին հետևողական պատմություն է ձևավորում, պատկերացում է կազմում, թե ով է նա, ինչպես է ապրում և ինչ է ուզում:

Նա ձեռք է բերում ավելի մեծ ինքնավստահություն, նրա արդյունավետությունը շատանում է, անկառավարելի հույզերը գնալով վերածվում են իմաստալից, հասկանալի ձևակերպումների, և նրա ներաշխարհի սև խոռոչը լուսավորվում է վառ լապտերով։

Պատկերացրեք, որ Դուք երբեք չեք տեսել Ձեր արտացոլանքը, հետո նայել եք ինքներդ Ձեզ հայելու մեջ: Այդ պահին միանգամայն անսովոր բան է տեղի ունենում. կարծես դուք նայում եք կուլիսների հետևը: Այդպես է նաև օրագրի դեպքում՝ այն հայելի է ներաշխարհի համար: Մեզ համար պարզ է դառնում այն, ինչը մենք նույնիսկ չէինք էլ ենթադրել, որ գոյություն ունի։ Օրագիր պահելով մենք ազատվում ենք տագնապային մտքերից, դեպրեսիվ ախտանիշներից, կարողանում ենք հաղթահարել հոգեկան տրավման և այլն: Դժվար է հավատալ, բայց պարզապես մեր կյանքը թղթի վրա գրելն օգնում է մեզ ավելի արագ բուժել վնասվածքները: Դա ֆանտաստիկայի է նման, բայց ամեն դեպքում գիտական ֆանտաստիկայի:

Աճում են նաև արդյունավետությունը, ինտելեկտուալ ունակությունները: Օրինակ՝ 2001թ.-ի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները ստիպել են փորձարկվողներին մեկ շաբաթ օրագիր պահել, իսկ հետո չափել են նրանց աշխատանքային հիշողությունը: Պարզվեց, որ այն ավելի շատ է, այսինքն՝ ավելի լավ է գործում։ 

Եվ դա զարմանալի չէ, քանի որ մեր գլուխը անընդհատ լցված է ինչ-որ չմշակված բաներով: Երբ այն դատարկում ենք թղթի վրա, գլուխն ազատվում է։ Մեր հիշողությունն այլևս չի պարունակում անսահման թվով փաստեր, զգացմունքներ, իրադարձություններ, պլաններ և հույզեր: Այժմ դրանք թղթի վրա են, և մենք կարող եք մտածել մի կարևոր բանի մասին: Ահա թե ինչու են օրագիր պահող մարդիկ բարձրացնում իրենց արդյունավետությունը և ավելի արագ վերականգնվում: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Դա Վինչին, Այնշտայնը, Մարկ Տվենը, Չերչիլը, Բենջամին Ֆրանկլինը, Դարվինը և այլք օրագրեր են պահել։ Սա ինքնաճանաչման ամենալավ պրակտիկաներից մեկն է:

Ինչպե՞ս օրագիր պահել:

Իդեալում, իհարկե, պետք է ամեն օր գրիչ ու թուղթ վերցնել և 15 րոպե ինչ-որ բան գրել: Որքան ավելի էմոցիոնալ, վառ, խորը և մանրամասն նկարագրեք ձեր փորձն ու եզրակացությունները դրանից, այնքան լավ:

Այնուամենայնիվ, նման սովորությունը շատ դժվար է պահպանել երկար ժամանակ։ Կասենք հետևյալը. լավ օրագիրն այն է, որը դուք պահում եք: Օրինակ ոմանց հարմար է գրել համակարգչով, քանի որ արագ են գրում, ոմանց էլ` հեռախոսով: Երբեմն Ձեր բառերը կարող են 100 լինել, երբեմն էլ 10000: Եթե հոգնում եք, կարող եք նաև ձայնագրություններ անել, բայց ձգտեք անել այս ամենը: Այստեղ ամենակարևորն այն է, որ Ձեր ներաշխարհը դուրս հանեք և դնեք Ձեր առջև: Հուսով ենք, որ Ձեզ մոտ կստացվի:

Նյութը՝ prosto.academy-ից։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով