Մեջբերումներ Արթուր Շոպենհաուերի գրքերից:

Մեջբերումներ Արթուր Շոպենհաուերի գրքերից:

Երբեմն մեզ թվում է, որ կարոտում ենք ինչ-որ հեռավոր վայր, մինչդեռ իրականում կարոտում ենք այնտեղ անցկացրած ժամանակը, երբ ավելի երիտասարդ ու առույգ էինք, քան հիմա: Այսպես ժամանակը մեզ խաբում է` տարածության դիմակի տակ թաքնված:

«Նորմալ», միջին վիճակագրական մարդը ստիպված է կյանքի հաճույքները փնտրել իրենից դուրս՝ սեփականության, կնոջ և երեխաների, ընկերների, հասարակության մեջ և այլն, ու իր երջանկությունը կառուցել դրանց վրա, ուստի երջանկությունը փլուզվում է, եթե նա կորցնում է դրանք կամ խաբվում է։ Նրա կարգավիճակը կարող է արտահայտվել բանաձևով` նրա ծանրության կենտրոնը գտնվում է իրենից դուրս: Հետևաբար նրա ցանկություններն ու քմահաճույքները անընդհատ փոխվում են, եթե միջոցները թույլ են տալիս` նա գնում է ամառանոց, ձիեր, կամ կազմակերպում է տոնակատարություններ ու ճամփորդություններ, և, ընդհանրապես, լայն կյանք է վարում: Նա Հաճույքը փնտրում է դրսում` իրեն շրջապատող ամեն ինչում, ինչպես հիվանդ մարդը արգանակի ու դեղամիջոցների մեջ հույս ունի գտնել առողջություն, չնայած դրա իսկական աղբյուրն իր կյանքի ուժն է։

Աշխարհը, որտեղ մարդն ապրում է, նախ կախված է նրանից, թե անհատն ինչպես է այն հասկանում, հետևաբար` նաև նրա ուղեղի հատկություններից. վերջինիս համաձայն` աշխարհը կամ աղքատ է, ձանձրալի ու գռեհիկ, կամ էլ, ընդհակառակը, հարուստ, հետաքրքրությամբ ու մեծությամբ լի։

Խելացի մարդը հիանալի զվարճություն կգտնի իր մտքերում և երևակայության մեջ, երբ մենակ է, մինչդեռ բթամիտին իրեն տանջող ձանձրույթից չեն փրկի նույնիսկ զրուցակիցների շարունակական փոփոխությունները, ներկայացումները, ճամփորդություններն ու տարբեր զվարճությունները:

Մեր երջանկության առաջին ու ամենակարևոր պայմանները սուբյեկտիվ բարիքներն են՝ ազնիվ բնավորություն, ընդունակ գլուխ, լավ սովորություններ, աշխույժ տրամադրություն և լավ կազմվածքով, բավականին առողջ մարմին, այսինքն՝ «mens sana in corpore sano» (առողջ հոգի առողջ մարմնում) , և, հետևաբար, մենք պետք է ավելի շատ մտահոգվենք այդ որակների զարգացմամբ ու պահպանմամբ, քան արտաքին բարիքներ ու արտաքին պատիվ ձեռք բերելով:

Մարդը կարող է ամբողջական լինել ինքն իր հետ միայն այն ժամանակ, երբ մենակ է։ Նա, ով չի սիրում մենակություն, չի սիրում նաև ազատություն, քանի որ միայն մենության մեջ կարելի է ազատ լինել:

Միայնակ ժամանակ չնչին մարդը զգում է իր ոչնչությունը, իսկ մեծ միտքը՝ իր մեծությունը, մի խոսքով` ամեն մեկն իր մեջ տեսնում է այն, ինչ իրականում կա։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով