էսկապիզմ. ինչպես դադարել ինքներդ Ձեզնից փախչելուց:

Փորձենք հասկանալ, թե ինչ է էսկապիզմը, և ինչու է այն գրավիչ մարդկանց համար։

Ինչ է էսկապիզմը։

Էսկապիզմը (անգլերեն` escape — փախուստ, ելք) փախուստ է իրականությունից: Escape բառն ինքնին հայտնի է 15-րդ դարից, բայց ավելի վաղ այն նշանակում էր իրական փախուստ, փախուստ վտանգից։ Փոխաբերական իմաստով (մտավոր կամ էմոցիոնալ իմաստով) ի հայտ եկավ միայն 19-րդ դարի կեսերին։ Նախորդ տասնամյակները Եվրոպայում բուռն էին. ապստամբությունները, սարսափը և նապոլեոնական նվաճումների փլուզումը Եվրոպային թողել էին հիասթափված և պատերազմից հոգնած: Արդյունաբերական հեղափոխությունը նույնպես իր հետ բերեց իրարանցում և հիասթափություն։ Այն ժամանակի գեղանկարչությունը, գրականությունը և թատրոնը արտացոլում էին դուրս պրծնելու, իրականությունից փախչելու ցանկությունը։ Այսպես էսկապիզմը մուտք գործեց եվրոպական մասսայական մշակույթ։

Էսկապիստն այն մարդն է, ով փախչում է իրականությունից տարբեր ձևերով՝ սկսած անվնասներից (զվարճանք, հոբբի, մեդիտացիա, սպորտ) մինչև հեռուն գնացող բացասական հետևանքներով մեթոդներ (անհետացում, հասարակությունից մեկուսացում, ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահում, ինքնասպանություն):

ժամանակակից ձևերով էսկապիզմը կոչում են նաև դաունշիֆթինգ (հրաժարում կարիերայից և խզում քաղաքային ապրելակերպից), աշխարհագրական կամ զբոսաշրջային էսկապիզմ (ճանապարհորդությունը կամ տեղափոխումը էկզոտիկ երկրներ): Այսօր էսկապիզմի ամենահայտնի ձևերից մեկը կիբերտարածությունն է, ինտերնետը և խաղերից կախվածությունը:

Կա պատկերացում, որ էսկապիզմը սերտորեն կապված է ապատիայի (հոգնածության և կյանքի հանդեպ անտարբերության զգացման) կամ դեպրեսիայի հետ: Սա այդքան էլ ճիշտ չէ. էսկապիզմը կարող է ուղեկցվել անտարբերությամբ, բայց դա պարտադիր չէ: Բացի դրանից, երբեմն էսկապիզմի հետ մեկտեղ նշվում է նաև կոնֆորմիզմը՝ կանոններին և իշխանություններին չմտածված հավատարմությունը։ Սակայն գիտությունը դեռ չի հաստատել նրանց միջև կապը։

Էսկապիզմի պատճառները։

Ժամանակակից հոգեբանները էսկապիզմը սահմանում են որպես իրական աշխարհից ֆանտաստիկ աշխարհ փախչելու ցանկություն՝ հանուն անվտանգության կամ հաճույքի զգացման: Ընդ որում, նրանք խոսում են ինչպես փախուստի սովորական, այնպես էլ անառողջ ձևերի մասին։

Նորվեգացի հոգեբան Ֆրոդե Ստենսենգը առանձնացնում է էսկապիզմի երկու հիմնական դրդապատճառ.

  • Ինքնաճնշում (self-suppression). այն է, երբ մարդն իր գործունեությամբ ցանկանում է փախչել բացասականությունից: Այս մոտիվն ուղղակիորեն կապված է անբարեհաջողության, ցածր ինքնագնահատականի և դեպրեսիայի հետ։
  • Ինքնաբացահայտում (self-expansion). այն է, երբ լիովին բարեհաջող մարդը ընդլայնում է իր կյանքը հետաքրքիր գործունեության կամ փորձի միջոցով:

Մեկ այլ հոգեբանի` Էնդրյու Էվանսի կարծիքով այսօր փախուստը ժամանակակից մեդիա համայնքի անբաժանելի մասն է:

«Էսկապիզմը կարծես բնական մեխանիզմ է, և մարդկային միտքը դրա կարիքն ունի»։

Որոշ հոգեբաններ համաձայն են նրա հետ. նրանք նշում են, որ գրեթե բոլոր մարդիկ դժգոհ են առօրյա կյանքի անհամությունից և հաճույք են փնտրում՝ ընկղմվելով ֆանտազիայի աշխարհում։ Վիրտուալ աշխարհների գրավչությունն այն չէ, որ նրանք մեզ հեռացնում են իրականությունից, ընդհակառակը, նրանք ստիպում են մեզ հավատալ, որ մենք ունակ ենք փոխել իրական կյանքը: Այսպիսով, էսկապիզմը` որպես քայլ դեպի ֆանտազիայի աշխարհ, չի մերժում իրական աշխարհը, այլ կարող է օգնել բացել այն` ուսումնասիրելու նոր ուղիներ:

Այնուամենայնիվ, Էվանսը առանձնացնում է առողջ էսկապիզմը անառողջից: Վերջինս, նրա կարծիքով, սերտորեն կապված է

  • պրոկրաստինացիայի հետ (հետաձգելու հակվածություն),
  • փսիխոզների հետ, այսինքն՝ իրական և անիրական աշխարհը տարբերելու դժվարությունների հետ,
  • շրջապատող իրականությունը չընդունելու ցանկության հետ,
  • մեկուսացման հետ,
  • հիվադագին հակումների հետ։

Ինչպես ազատվել էսկապիզմից։

Մարդաբանները, հոգեբանները, մշակութաբանները առանձնահատուկ առաջարկություններ չեն տալիս ազատվելու համար, քանի որ էսկապիզմը հիվանդություն չէ, պաթոլոգիա չէ: Այն խնդիր է դառնում, երբ խանգարում է լիարժեք կյանքին։ Ահա թե ինչ կարող եք անել, եթե թվում է, թե դա Ձեր դեպքն է․

1. Խորհրդածեք պատճառների մասին։

Նախքան կսկսեք «ազատվել» էսկապիզմից, մտածեք, թե ինչն է դրա պատճառը: Հոգեբաններն առաջարկում են անկեղծ պատասխանել հարցերին՝ ինչի՞ց եք փորձում խուսափել, ինչպե՞ս եք դա անում և ինչ հետևանքների է դա հանգեցնում, սա հենց այն է, ինչը Ձեզ հարկավո՞ր է, կա՞ն այլ ճանապարհներ բացի իրականությունից փախչելուց` Ձեր ուզածին հասնելու համար:

Մտածեք Ձեր վարքի մասին և համեմատեք այն նախկին վարքի հետ: Սա կօգնի ձևավորել խնդիրը և հասկանալ, թե կոնկրետ ինչն է առաջացնում էսկապիզմ:

2. Հանդիպեք խնդրին դեմ առ դեմ։

Այո, իրականությունից փախչելը երաշխավորում է, որ դուք ստիպված չեք լինի դիմակայել իրադրությանը և պայքարել Ձեր խնդիրների հետ: Բայց փորձեք սովորել ընտելանալ իրական աշխարհի խնդիրներին, թեկուզ կարճ ժամանակով: Այսպես Դուք ավելի քիչ ժամանակ կծախսեք էսկապիզմի վրա: Մի քիչ ադրենալին իրական կյանք մտցնելը չի ​​խանգարում:

3. Փնտրեք այլընտրանք։

Հաճախ էսկապիզմի հետևում թաքնված է հանգստանալու բնական ցանկությունը: Բայց եթե հանգստանալու Ձեր ձևը խանգարում է սովորական կյանքին, փորձեք այլ բան անել: «Լավ» էսկապիզմի տարբերակներն են ընթերցանությունը, սպորտը կամ մեդիտացիան: Զգույշ եղեք, որ շատ չտարվեք նույնիսկ անվնաս գործերում. ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի։

4. Խոսեք հոգեթերապևտի հետ։

Հոգեթերապիայի շրջանակներում Դուք կաշխատեք խնդրի վրա մասնագետի ցուցումով և կվերահսկեք Ձեր էսկապիզը:

Նյութը՝ trends.rbc-ից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով