Ինքնավերլուծություն, ռեֆլեքսիա, պլանավորում. այս բոլոր գործընթացներն անհրաժեշտ են ինքներդ Ձեզ` Ձեր ներկան ու ապագան ավելի լավ հասկանալու համար: Երբեմն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, և մտքերը սկսում են բառացիորեն կառավարել Ձեզ։ Առաջանում է այնպիսի երևույթ, ինչպիսին է overthinking-ը: Ինչպե՞ս դադարեցնել անվերջ վերլուծելն ու վերջապես սկսել ապրել։
Ինչպե՞ս հասկանալ, որ շատ եք մտածում.
«Overthinking» կամ «չափազանց մտածողություն» հասկացությունը մի վիճակ է, երբ մարդը շարունակաբար վերլուծում է անցյալը, երկարաժամկետ պլաններ է կազմում ապագայի համար։ Մտքերի հոսքն այնքան ուժեղ է դառնում, որ ուշադրության կենտրոնացումը անջատվում է այն ամենից, ինչը կատարվում է այդ պահին։ Հաճախ խնդիրներ են առաջանում կենտրոնացման, քնի և հիշողության հետ:
«Overthinking» լինում է երկու ձևով՝ մտորումներ անցյալի մասին և մտահոգություններ ապագայի համար: Այս վիճակը թույլ չի տալիս վերացնել խնդիրները, քանի որ ամենից հաճախ մարդն իր առջև նպատակ չի դնում լուծել դրանք, այլ կենտրոնանում է դրանց վրա և միայն սրում իրավիճակը։ Օրինակ՝ գլխացավի ժամանակ նա մտածում է ոչ թե այն մասին, թե որ հաբն արժե խմել, այլ այն, թե ինչքան վատ է զգում։ «Overthinking»-ը չպետք է շփոթել ռեֆլեքսիայի հետ, քանի որ վերջինի գործընթացը ժամանակի մեջ սահմանափակ է ու վերահսկվող։ Այսինքն՝ անցյալի վերլուծության ժամանակ Դուք կարող եք ցանկացած պահի կանգ առնել և փոխել Ձեր ուշադրությունը։
Մի քանի նշան այն մասին, որ Ձեր մտքերը կառավարում են Ձեզ.
- Դուք բազմիցս անհարմար պահեր եք զգում Ձեր գլխում և վերլուծում եք, թե որն էր ճիշտ կամ սխալ:
- Դուք հաճախ դժվարանում եք քնել, քանի որ մտքերի հոսքը խանգարում է Ձեզ:
- Դուք շատ ժամանակ եք ծախսում մարդկանց ասածի մեջ թաքնված իմաստ փնտրելու և դրա մասին մտածելու վրա։
- Դուք մտովի վերափոխում եք մարդկանց հետ զրույցները և մտածում այն ամենի մասին, ինչը կցանկանայիք ասել:
- Դուք անընդհատ հիշում եք Ձեր սխալները։
- Երբ ինչ-որ մեկն ասում կամ վարվում է այնպես, որ Ձեզ դուր չի գալիս, անընդհատ կրկնում եք իրավիճակը Ձեր գլխում:
- Երբեմն Դուք տեղյակ չեք, թե ինչ է կատարվում Ձեր շուրջը, քանի որ կառչած եք մտքերից:
- Դուք անհանգստանում եք այն բաներից, որոնք չեք կարող կառավարել:
- Դուք չեք կարողանում ինչ-որ հաճելի բան մտածել:
Ինչպե՞ս դադարել չափազանց շատ մտածել.
Մարզե՛ք Ձեր ուշադրությունը․
Սկսեք նկատել այն պահերը, երբ դուք կենտրոնացած եք Ձեր սեփական մտքերի վրա ու չեք նկատում, թե ինչ է կատարվում Ձեր շուրջը։ Ձեր ուշադրությունը փոխանցեք արտաքին ինչ-որ բանի` դիտեք անցորդներին, մեքենաներին, մանրամասն ուսումնասիրեք ինչ-որ առարկա: Ժամանակի ընթացքում նման պահերը որսալը ավելի հեշտ կդառնա։
Գրի առեք կպչուն մտքերը․
Այսպես, դրանք «փոխանցում» եք թղթին ու պայմանականորեն ազատվում դրանցից։ Բացի այդ, որոշ ժամանակ անց դուք կկարողանաք կարդալ այն ու կողքից դիտել իրավիճակը։ Սահմանեք ժամանակաչափ 10-15 րոպե, այդ ընթացքում գրի առեք որքան հնարավոր է շատ տեղեկատվություն Ձեզ անհանգստացնող խնդրի մասին՝ առանց զտելու այն: Մի քանի ժամ հետո կամ հաջորդ օրը ժամանակ հատկացրեք կարդալու և գրածի մասին մտածելու համար:
Փոխեք բացասական դրույթները դրականի․
Կպչուն մտքերը հաճախ բացասական ենթատեքստ ունեն։ Փիքսեք դրանք (ցանկալի է գրավոր) և դրանց համապատասխան դրական դրույթներ մտածեք։ Օրինակ՝ Դուք անհանգստանում եք, որ չեք կարողանա կատարել առաջադրանքը: Այստեղ նաև նշեք Ձեր բոլոր հմտությունները, բնավորության գծերը, արտաքին հանգամանքները, որոնք թույլ կտան կատարել այն:
Կենտրոնացեք լուծման վրա․
Ստոիցիզմի փիլիսոփայության համաձայն՝ բոլոր իրադարձությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ վերահսկվող և չվերահսկվող։ Առաջին խումբը պահանջում է Ձեր որոշումներն ու գործողությունները: Եթե Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ ինչ-որ տհաճ բան է տեղի ունենում, և այն հնարավոր չէ փոխել, ապա այս դեպքում կենտրոնացեք Ձեր վիճակի վրա։ Օրինակ` ի՞նչը կօգնի Ձեզ նվազեցնել անհանգստությունը և ավելի լավ զգալ:
Ժամանակին սահմանափակեք վերլուծության գործընթացը.
Տվեք ինքներդ Ձեզ օրական 30-40 րոպե` խնդիրների մասին մտածելու համար և մի փորձեք ամեն ինչ միանգամից լուծել։ Սկսեք նրանից, ինչը ձեզ ամենաշատն է անհանգստացնում։ Ավելացրեք այս ժամանակը Ձեր ամենօրյա օրակարգում: Տվյալ րոպեների ընթացքում Դուք Ձեզ թույլ եք տալիս անհանգստանալ, մտածել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների մասին, բայց հենց ժամանակը սպառվի, մտքերի հոսքը պետք է դադարեցվի։ Աստիճանաբար Դուք կվարժվեք այս օրակարգին։
Թողնել պատասխան