Ինչո՞ւ ենք 30 տարեկանում մեզ դեռ երեխա զգում։

«Ես նման չեմ մյուս դեռահասներին․ ես 30 տարեկան եմ»։

Հենց այսպես են իրենց զգում շատ միլենիալներ, որոնք ընթրիքին չիպս են ուտում և իրենց աշխատավարձը ծախսում տեսախաղերի վրա՝ հիփոթեքը մարելու կամ ընտանիք կազմելու փոխարեն։ ԱՀԿ-ն արդեն բարձրացրել է երիտասարդության սահմանները մինչև 45 տարեկան։ Իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռահասության տարիքը ևս պետք է երկարաձգել մինչև 24 տարեկան։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մեր սերունդը ինֆանտիլ է։ Ինչո՞ւ մենք մեզ հասուն չենք զգում, և ի՞նչ է առհասարակ նշանակում լինել մեծահասակ։

Փիթեր Փենի սերունդը:

Ինչպե՞ս ենք պատկերացնում մեծահասակ մարդուն։ Ամենայն հավանականությամբ՝ նա ունի լավ աշխատանք, սեփական բնակարան, երեխաներ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Առնվազն այսպիսի կերպար են մեզ փոխանցում ծնողները, երբ ասում են՝ «իսկ այ մենք քո տարիքում…»։

Սակայն այն ժամանակից, երբ մեր ծնողները 30 տարեկան էին, աշխարհը շատ է փոխվել։ Այն ամենը, ինչ նրանք համարում են «հասունության» նշաններ, ժամանակակից աշխարհում դարձել է պակաս հասանելի։

2000-ականների վերջին և 2010-ականների սկզբին, երբ այսօրվա 30-ամյա մարդիկ սկսում էին իրենց հասուն կյանքը, նրանք անմիջապես բախվեցին համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, գործազրկությանը և վարձակալության անհասանելի գներին։ Այդ իսկ պատճառով նրանցից շատերի մոտ «դեռահասության շրջանը» ձգձգվեց․ նրանք մնացել էին առանց աշխատանքի և շարունակում էին ապրել ծնողների հետ, քանի որ պարզապես այլ բան իրենց թույլ տալ չէին կարող։

Այսօր մենք տեսնում ենք այդ ճգնաժամերի հետևանքները։ Օրինակ, եթե 1980-ականների Եվրոպայում երիտասարդները գնում էին իրենց առաջին բնակարանը միջինում մինչև 29 տարեկանը, ապա այժմ այդ թիվը հասել է 36-ի։ Հայաստանում 20 տարվա ընթացքում բնակարանների գներն աճել են 4-6 անգամ: Սեփական բնակարանի հասանելիությունը (հետևաբար նաև ֆիզիկական ինքնավարությունը) նվազել է:

Միևնույն ժամանակ հասարակության բարեկեցությունն ընդհանուր առմամբ աճում է: Մեծամասնությունը «գոյատևելու» անհրաժեշտություն չունի: Մենք կարող ենք մեզ թույլ տալ ավելի երկար սովորել և մասնագիտություն ընտրել՝ չվախենալով, որ վաղը փողոցում կհայտնվենք: Այսինքն՝ շատերը պարզապես վաղ «հասունանալու» կարիք չունեն՝ դպրոցից անմիջապես հետո աշխատանքի անցնելու կամ ծնողներին օգնելու տեսանկյունից: Իսկ հոգեբանորեն ինքնուրույնության զգացումը մեծապես կապված է այն բանի հետ, թե որքան դժվար է եղել կյանքը:

Երբ մենք ինքնուրույն ենք լուծում խնդիրները, մեզ մոտ ձևավորվում է ինքնաարդյունավետության զգացում։ Հենց դա է մեզ թույլ տալիս զգալ, որ կարող ենք հաղթահարել դժվարությունները՝ ինչպես իսկական մեծահասակները։ Իսկ առանց դրա մենք մեզ զգում ենք «մեծահասակ դեռահասներ», նույնիսկ եթե վաղուց ինքնուրույն գումար ենք վաստակում և ծնողներից առանձին ենք ապրում:

Հասունության ճգնաժամ:

Հասունությունը սոցիալական կոնստրուկտ է։ Այսինքն՝ մեր զգացողությունը որպես մեծահասակ կամ որպես երեխա մեծապես կախված է նրանից, թե հասունության ինչ չափանիշներ են ընդունված հասարակության մեջ։

Եվ հիմա ակնհայտ է, որ հասունության հին հայեցակարգերը, որոնք կապված էին սոցիալական բարեկեցության հետ, արդեն հնացել են։ Իսկ նորերը դեռևս ձևավորված չեն։ Այսինքն՝ մենք պարզապես չունենք մի օրինակ, որի հետ կարող ենք մեզ համեմատել և ասել՝ «ես մեծահասակ եմ»։

Հասունությունը մեր բազմաթիվ ինքնություններից մեկն է։ Իսկ ինքնությունը հասկանալու համար մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ և վերլուծում, թե ինչով ենք նման և տարբեր։ Այդպես մենք մեզ նույնականացնում ենք որևէ խմբի երկրպագուների, ենթամշակույթի կամ կենդանակերպի նշանի հետ։ Հասունության դեպքում ամեն ինչ նույնն է։

Երբ խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք մեզ մեծահասակ ենք զգում, մենք չենք հասկանում, թե ում հետ մեզ համեմատենք։ Ծնողները պատմում են, թե ինչպիսին էին իրենք մեր տարիքում, բայց նրանց փորձը չի համապատասխանում մերին։ Էլ ավելի մեծ տագնապ է առաջանում, երբ նախկին դասընկերները ամուսնանում են, երեխաներ ունենում, բնակարաններ գնում և կարծես իրենց օրինակով հաստատում են, որ հենց սա է հասունությունը։

Բայց միևնույն ժամանակ, մեր բազմաթիվ հասակակիցներ կարդում են ֆանֆիկներ և մուլտֆիլմ նայում։ Արդյո՞ք նրանց չի կարելի մեծահասակ համարել։

Ժամանակին մարդիկ ավելի քիչ իրավունքներ և հնարավորություններ ունեին։ Եթե ծնվել էիր կոշկակարի ընտանիքում, ուրեմն կոշիկ էիր կարելու։ Հասար ամուսնական տարիքի՝ ամուսնանում էիր։ Ամեն ինչ պարզ էր և կանխորոշված տարիներ առաջ։ Իսկ հիմա մենք ընտրության շատ ավելի մեծ հնարավորություն ունենք, և գոյություն չունի ապրելու միակ ճիշտ տարբերակ։ Սրանում էլ հենց կայանում է ժամանակակից հասունության ճգնաժամի էությունը։

Հոգեբան Գորդոն Օլփորտը դեռևս 20-րդ դարում նշում էր, որ հոգեբանական հասունությունը չի կարող նույնը լինել բոլորի համար։ Չէ՞ որ բոլոր մարդիկ չեն կարող ապրել նույն սցենարով։ Մեծահասակ մարդը կարող է և՛ երեք երեխա մեծացնել, և՛ սնվել միայն պատվիրված պիցցայով, և՛ 30 տարեկանում համալսարան ընդունվել, և՛ սեփական բիզնեսը կառուցել։ Այս ամենը չի վերաբերում հոգեբանական հասունության չափանիշներին։ Այդ դեպքում ո՞ւմ համարել մեծահասակ։

Ովքե՞ր են մեծահասակները:

Հոգեբաններ Կ. Ռոջերսը և Ա. Մասլոուն առանձնացնում էին հոգեբանական հասունության մի քանի չափանիշներ․

  • Դու աշխարհն ընկալում ես իրատեսորեն՝ առանց պատանեկան մաքսիմալիզմի և ամեն ինչ սևի ու սպիտակի բաժանելու։
  • Դու ինքնաբավ ես, քո ինքնագնահատականը կախված չէ շրջապատողներից։
  • Դու հավատում ես սեփական ուժերիդ և կարող ես ինքնուրույն հաղթահարել դժվարությունները։
  • Դու կարող ես կառուցել վստահելի միջանձնային հարաբերություններ։

Մեծահասակ մարդը համարժեքորեն գնահատում է իրեն ու իրականությունը և չի վախենում դժվարություններից, քանի որ վստահ է, որ կկարողանա լուծել դրանք։ Բացի այդ, նա սևեռված չէ իր վրա, այսինքն՝ նրա մեջ չկա մանկական էգոցենտրիզմը, երբ թվում է, թե ողջ աշխարհը հետևում է քեզ։ Ավելին՝ մեծահասակ մարդը կարող է լինել ուրիշների հետ և չկորցնել սեփական «ես»-ը։

Եթե դու 30 տարեկանում մուլտֆիլմեր ես դիտում և հավաքում ես սիրելի հերոսներիդ արձանիկները, դա դեռ չի նշանակում, թե դու ինֆանտիլ ես։ Թերևս ավելի ինֆանտիլ է հետևել այն կարծրատիպերին, թե ինչով է պատշաճ զբաղվել մեծահասակին, և սեփական կյանքը ենթարկել ուրիշի կարծիքին։

Ըստ էության, հասունության գլխավոր չափանիշը պատասխանատու ազատությունն է։ Երբ դու հասկանում ես, որ կարող ես ընտրել այն, ինչ քեզ դուր է գալիս, և պատրաստ ես պատասխանատվություն կրել քո ընտրության համար։ Այնպես որ լեգո գնելը և հաջորդ ողջ ամիսը լատտեի հաշվին տնտեսելը լիովին «մեծավարի» քայլ է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով