Մենք ամեն օր հանդիպում ենք մանիպուլյացիայի՝ տանը, աշխատավայրում, խանութում, հասարակական տրանսպորտում, հեռուստացույց դիտելիս։ Օրինակ՝ պատվիրատուն Ձեզ հարկադրել է ավարտել նախագիծը համաձայնեցված ժամկետից շուտ, վաճառողը ստիպել է` գնեք այն, ինչ Ձեզ հարկավոր չէ, գործընկերը Ձեզ տարել է մի վայր, որտեղ չէիք ուզում գնալ: Ավելին` ամենից հաճախ նման ազդեցության զոհը չի էլ գիտակցում, որ գործում է իր կամքին հակառակ։
Ինչպե՞ս բացահայտել մանիպուլյացիան և դիմադրել դրան:
Ի՞նչ է մանիպուլյացիան.
«Այս գործը պետք է արվի հիմա, այլապես կտուժի ամբողջ ընկերությունը» հավատացնում է պատվիրատուն, որի հետ համաձայնեցվել է ծրագրի ավարտի լրիվ այլ ժամկետ։ Սա մանիպուլյատորի ստանդարտ քայլերից է. նա վերջնագիր է ներկայացնում, լրացուցիչ պատասխանատվություն է դնում զոհի վրա ու ստիպում է նրան մեղավոր զգալ։
«Ես քեզ մանիպուլացնում եմ» գրքի հեղինակ Նիկիտա Նեպրյախինը մանիպուլյացիան սահմանում է որպես թաքնված, անձի կամքին հակառակ հոգեբանական ազդեցություն, որն ունի նպատակ և սցենարային գիծ։ Նեպրյախինը նաև նշում է մանիպուլյատիվ ազդեցության հետևյալ բնութագրերը.
- Հոգեբանական ճնշում. Մանիպուլյատորը փնտրում է զոհի թույլ կողմերը, ուժեղ հուզական ազդեցություն է ցուցաբերում,
ինչը դժվարեցնում է իրավիճակի մասին քննադատաբար մտածելու ընթացքը: Ամենից հաճախ մանիպուլյատորը զոհին ստիպում է մեղավոր զգալ, ինչն էլ նրան դրդում է քայլեր ձեռնարկել. նա փորձում է քավել իր մեղքը և կատարում է «պատվերը»:
- Բռնի բնավորություն․ Ստիպել մարդուն գործել իր կամքին հակառակ. սա մանիպուլյատորի գլխավոր նպատակներից է, ուստի նա տարբեր ձևերով ստիպում է զոհին ինչ-որ բան անել բռնի ուժով։
- Գաղտնիություն. Մանիպուլյատորն ամենից հաճախ հստակ չի նշում այս կամ այն գործողության նպատակը, չի բացատրում, թե ինչու այն պետք է արվի, և մոլորեցնում է: Ամենայն հավանականությամբ նրա փաստարկները ռացիոնալ չեն, բայց հոգեբանական ճնշման պատճառով դժվար է դառնում դա գիտակցելը։
Նախքան մանիպուլյատորի գործողություններից գլուխ հանելը, Դուք պետք է հասկանաք, թե ինչու է մարդը սովորաբար նման ազդեցության տակ ընկնում: Հոգեբան Հարիետ Բրեյքերն իր «Who’s Pulling Your Strings» գրքում նշում է, որ մարդիկ մանիպուլյացիայի զոհ են դառնում հետևյալ պատճառներով`
- ուրիշների հավանությունն ու գնահատականը ստանալու ցանկություն,
- վախ բացասական հույզերից,
- անբավարար ինքնուրույնություն,
- անձնական սահմանները պաշտպանելու անկարողություն,
- անվստահություն։
Գտնվելով խոցելի վիճակում՝ մարդը հեշտությամբ ենթարկվում է մանիպուլյատորին, ով անմիջապես տեսնում է տուժողի թույլ կողմերն ու ազդում դրանց վրա։
Իսկ ինչպե՞ս է դա կատարվում։ Խոսենք տարածված հնարքների մասին․
- Բացահայտ և ծածուկ ընդհանրացումներ («դու միշտ այսպիսին ես», «երբեք չես օգնում», «միշտ ուշանում ես»):
- Անորոշ ռեֆերենցիալ ցուցակ («դա վաղուց հայտնի է», «գիտականորեն ապացուցված է»):
- Հաղորդակցական սաբոտաժ (հարցին հարցով պատասխանել, որոշակի արտահայտություններ անտեսել):
- Մշուշոտ չափանիշներ («միայն հաջողակ մարդիկ կարող են դա անել»):
- Գործողության մեջ սուբյեկտին փոխարինում («քո տարիքում ես արդեն գիտեի, թե ինչպես …»):
- Զգացմունքային և գնահատող քայլերի առատություն։
- Հակասությունների օգտագործում։
- Հիպերբոլիա («հակառակ դեպքում ընկերությունը կփլուզվի», «բոլորը կտուժեն»):
Այս տեխնիկաների շնորհիվ մանիպուլյատորը մոլորեցնում է իր զոհին, հոգեբանական ճնշման միջոցով նրան թույլ չի տալիս հասկանալ հակասությունները, տրամաբանական սխալներն ու այլ անճշտությունները։
Ինչպես բացահայտել մանիպուլյացիան և չենթարկվել դրան.
Որքան շուտ բացահայտեք մանիպուլյացիան, այնքան մեծ է հավանականությունը, որ Դուք չեք հայտնվի կործանարար վիճակում: Զգուշացեք, եթե նկատեք հետևյալ զգացողություններից մեկը.
- իռացիոնալ մեղքի զգացում,
- ինչ-որ մեկի սպասելիքները չարդարացնելու վախ,
- անհանգստություն մի բանի համար, որը դեռ տեղի չի ունեցել,
- զգացումը, որ Դուք և Ձեր աշխատանքը կարևոր չեք:
Եվ սրանք միայն այն հիմնական զգացմունքներն են, որոնք կարող են առաջանալ մանիպուլյատիվ ազդեցության դեպքում։ Ամենակարևորը՝ գիտակցեք, որ Դուք Ձեր կամքով չեք գործում, հետո նոր դիմադրեք։ Իսկ ինչպե՞ս. Բրեյքերն իր գրքում ասում է, որ մանիպուլյատորին պետք է ցույց տալ իր գործողությունների անիմաստությունը.
Հարցեր տվեք` իրավիճակը պարզաբանելու համար․
Ինչպես ավելի վաղ ասացինք, մանիպուլյատորը փորձում է մոլորեցնել իր զոհին, ինչի համար նա հաճախ խեղաթյուրում է տեղեկատվությունը, շատ տարօրինակ, անհամապատասխան դատողություններ է անում և տրամաբանական սխալներ է թույլ տալիս: Սկսեք պարզաբանել իրավիճակը ու հնարավորինս շատ պարզաբանող հարցեր տվեք, քանի դեռ մանիպուլյատորը փակուղում չի հայտնվել: Ձեր խնդիրն է կառուցել հիմնակազմիչ երկխոսություն և պարզաբանել մանիպուլյատորի նպատակը:
Արտահայտեք Ձեր սեփական կարծիքը.
Բացատրեք, թե ինչու եք համաձայն կամ դեմ, առաջարկեք այլ լուծում: Օրինակ` եթե հաճախորդը ստիպում է Ձեզ ավարտել նախագիծը ժամանակից շուտ, հարցրեք ժամկետի տեղափոխման պատճառների մասին: Հաջորդը` պատճառաբանեք, թե ինչու չեք կարող դա անել տվյալ հանգամանքներում: Քննարկեք իրավիճակի լուծման հնարավոր տարբերակները (աշխատանքի մեջ այլ աշխատակիցների ներգրավում, այլ առաջադրանքների հետաձգում և այլն), կամ համաձայնեք, որ արժե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։
Գործեք փաստերով.
Սա անհրաժեշտ է` իրատեսական պատկեր ստեղծելու և դրական ու բացասական կողմերը կշռելու համար։ Փորձեք խոսակցությունը տանել
ռացիոնալ ուղղությամբ, մինչև մանիպուլյատորը փորձում է գնահատիչ դատողություններ օգտագործել։
Փոխակերպել զգացմունքները.
Եթե զգում եք, որ չեք կարողանում զսպել Ձեր զգացմունքները, դադարեցրեք զրույցը և առաջարկեք ավելի ուշ վերադառնալ դրան: Հակառակ դեպքում մանիպուլյատորը կօգտվի Ձեր խոցելի վիճակից։ Կարելի է փորձել նաև անկանխատեսելի վարք դրսևորել՝ մեղադրանքին ի պատասխան կատակել, հաճոյախոսել։
Նմանակեք.
Օրինակ` եթե մանիպուլյատորը զրույցի դանդաղ տեմպ է սահմանել (ամենայն հավանականությամբ զրուցակցին տանջելու համար), պատասխանեք էլ ավելի դանդաղ տեմպերով։
Ավարտեք զրույցը.
Եթե մանիպուլյատորը չի ցանկանում լսել ռացիոնալ փաստարկներ, պատասխանել Ձեր հարցերին և ինչ-որ կերպ պարզաբանել իրավիճակը, պարզապես ընդհատեք զրույցն ու հեռացեք:

Թողնել պատասխան